38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

«Եթե քաղաքացու վճարունակությունն ընկնում է, գյուղացին էլ իր արտադրանքը չի կարող իրացնել»

«Եթե քաղաքացու վճարունակությունն ընկնում է, գյուղացին էլ իր արտադրանքը չի կարող իրացնել»
05.12.2008 | 00:00

«ՑՆՑՈՒՄՆԵՐ ՉԵՆ ԼԻՆԻ, ԿԼԻՆԵՆ ԴԺԳՈՀՈՒԹՅՈՒՆ, ԼԱՐՈՒՄ, ԲՈՂՈՔՆԵՐ»
Ի՞նչ ազդեցություն կունենա համաշխարհային տնտեսական ճգնաժամը Հայաստանի վրա, ինչպե՞ս դիմագրավել հնարավոր դժվարություններին։ Այս հարցերի շուրջ է զրույցը «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար ԱՀԱՐՈՆ ԱԴԻԲԵԿՅԱՆԻ հետ։
-Մինչև վերջերս Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ համաշխարհային ճգնաժամը մեր երկրի տնտեսությանը չի սպառնում։ Իրո՞ք այդպես է։
-Մենք մասնակիորեն ինտեգրացված ենք միջազգային շուկային, և անհնար է պատկերացնել, որ կարող ենք խույս տալ ստեղծված ճգնաժամային իրավիճակից։ Նախ` արդեն հայտնի է, որ գունավոր մետաղների գինը համաշխարհային շուկայում գրեթե կրկնակի նվազել է, ինչը, բնականաբար, մեծ հարված է հասցրել Հայաստանի հանքարդյունաբերությանը։ Գունավոր մետաղներից բացի, ադամանդի պահանջարկն է կտրուկ նվազել, իսկ մեր բյուջեի մեկ երրորդն ապահովում են ոսկերչական իրերի արդյունաբերությունն ու գունավոր մետաղների վաճառքը։ Հետևաբար, այն խստացված հարկային քաղաքականությունը, որ հիմա տարվում է` ստվերից հանելով բոլոր հարկատուներին, լավագույն դեպքում կարող է լրացնել կորցրածը։ Այսօր արդեն բավականին կասկածելի է՝ մյուս տարվա բյուջեում կմուտքագրվի՞ 900 միլիարդ դրամ, թեև ՀՀ նախագահն ու վարչապետը վստահ են, որ Հայաստանում զարգացման տեմպերը կպահպանվեն, և գների սղաճը կլինի չափավոր։ Հուսանք, որ այդպես էլ կլինի, սակայն բոլոր տվյալները այլ բանի մասին են խոսում։ Մեր կենտրոնն արդեն զրկվել է 2-3 պատվերից, որովհետև մեր պատվիրատուները որոշել են սպասել լավ ժամանակների։ Մենք Հայաստանում առաջին զոհերից ենք։ Մի տարբերակ կա, որ կառավարությունը կարող է իրականացնել. քանի որ համարվում ենք Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի վստահելի գործընկեր, ուստի կկարողանանք ստանալ վարկեր և իրավիճակը երկրում պահել կայուն ու բարենպաստ։
-Ի՞նչ ներքին խնդիրների կհանգեցնի տնտեսական ցուցանիշների անկումը։
-Կառավարությունը մտադիր է բարձրացնել աշխատավարձերն ու կենսաթոշակները, սակայն գների սղաճի դեպքում այդ բարձրացումներն ընդամենը կփոխհատուցեն սղաճի չափը, իրականում ո՛չ աշխատավարձերը կբարձրանան, ո՛չ էլ թոշակները, դրանք կմնան նույն մակարդակի վրա։ Բացի այդ, արտասահմանից դրամական փոխանցումների կրճատումների պարագայում փոքր և միջին բիզնեսը բավականին կտուժի, առևտրի, սպասարկման ոլորտներում նույնպես անկում կարձանագրվի։ Պաշտոնական տվյալներով` 1,5 միլիարդ դրամական փոխանցումները և այդքան էլ ոչ պաշտոնական մուտքերը, որ գուլպայի մեջ կամ գրպանում են բերվում Հայաստան, պահպանում էին բավականին բարձր մակարդակ և միջին բիզնեսին շնչելու հնարավորություն էին տալիս։ Այդ փոխանցումների կրճատումները մեծ հարված կհասցնեն տնտեսությանը։ Գյուղացին գուցե կարողանա իր գլուխը պահել, բայց եթե քաղաքացու վճարունակությունն ընկնում է, գյուղացին էլ իր արտադրանքը չի կարող իրացնել, և պարզ չէ՝ հաջորդ տարի նա վառելիքի, տրակտորիստի կամ սերմացուի գումարները որտեղից պետք է հայթայթի։ Այնպես որ, այս ամենը խիստ փոխկապակցված է. եթե մի հանգույցում անկում կա, դա շղթայական ռեակցիայով անդրադառնում է մյուս բոլոր ոլորտների վրա։
-Հնարավո՞ր է, որ սոցիալ-տնտեսական ճգնաժամը վերաճի քաղաքական ցնցման։
-Քանի որ մենք ունեցել ենք 1993-95 թվականների խոր ճգնաժամը և դիմացել ենք, չեմ կարծում՝ ցնցում լինի։ Եթե նպաստների համակարգը հասցեագրված աշխատի, մեծ ցնցման ականատես չենք լինի։ Այսօր ամբողջ աշխարհում գործազրկության ցուցանիշները եռապատկվում ու քառապատկվում են, բայց նրանք ունեն սոցիալական պաշտպանության հզոր համակարգեր, որոնք մեղմում են իրավիճակը։ Մյուս կողմից էլ` միջին խավի մարդը, դառնալով նպաստառու, բարոյահոգեբանական մեծ հարված է ստանում, իրեն զգում է երկրորդ սորտի քաղաքացի։ Մեզ մոտ հոգեբանական նման արժեզրկումներ չկան, բայց ամեն դեպքում մենք ավելի դիմացկուն ենք։ Երբ երկրաշարժից հետո Հայաստանում չափում էին տագնապի մակարդակը, պարզվեց, որ մենք միայն մեկ բալով ենք զիջում բարեկեցիկ ամերիկացիներին։ Պատկերացրեք՝ Ամերիկայում նման հզորության աղետ տեղի ունենա, ի՞նչ կլինի նրանց վիճակը… Մենք բավականին կայուն ենք, կարողանում ենք ներքին կոոպերացիայի, փոխօգնության շնորհիվ հարցեր լուծել։ Այնպես որ, ցնցումներ չեն լինի, կլինեն դժգոհություն, լարում, բողոքներ։
-Իշխանություններն այդ լարմանը դիմագրավելու ռեսուրս ունե՞ն։
-Օգտագործելով մեր բարձր վարկանիշը՝ կարող ենք շատ հանգիստ 1-2 միլիարդ դոլարի վարկ վերցնել։ Ի դեպ, Հայաստանն ամենաքիչ պարտք ունեցող երկրներից է։ Պետություններ կան, որոնց արտաքին պարտքը համարժեք է համախառն ներքին արդյունքին։ Թուրքիայի պարտքը, օրինակ, 1960-ական թվականներին հասնում էր 100 միլիարդ դոլարի։ Զարգացող երկրների պարտքը միջազգային ֆինանսական կառույցներին հասնում էր 120 միլիարդի, նրանք դրանով էին կարողանում ապրել։ Հայաստանի կառավարությունը բավականին մեծ ռեսուրս ունի և պետք է որոշի՝ ում հաշվին մենք պետք է դուրս գանք այս ճգնաժամից՝ ժողովրդի՞ (ում աշխատավարձերը կկրճատվեն, գործազրկությունը կավելանա), գործատուի՞ (ում կասեն` կրճատումներ չանել և սեփական եկամուտների հաշվին պահել աշխատողներին), թե՞ պետության, որը հարկային արտոնություններ կսահմանի անցումային շրջանի համար։ Իսկ հարկային արտոնություններ սահմանելու համար օժանդակություն պետք է խնդրի միջազգային ֆինանսական կառույցներից, և կարծում եմ՝ այդ օժանդակությունը կստանա։
-Սովորաբար նման ճգնաժամերից դուրս գալու համար որքա՞ն ժամանակ է հարկավոր։ Այս առումով համաշխարհային փորձն ի՞նչ է հուշում։
-Ամեն ինչ կախված է տվյալ ազգի կազմակերպվածությունից և նպատակաուղղվածությունից։ Գերմանիան, օրինակ, 1945 թվականին զրկվել էր իր բնակարանային ֆոնդի 90 տոկոսից, որի բոլոր գործարանները թալանվել էին որպես հասցված վնասների փոխհատուցում, տասը տարում ոտքի կանգնեց և այսօր աշխարհում իր տնտեսական հզորությամբ առաջին հնգյակի մեջ է։ Ճապոնիային պատերազմից հետո վերականգնվելու համար 15 տարի պահանջվեց։ Իտալիայի վերականգնման համար երկու անգամ ավելի երկար ժամանակ պահանջվեց՝ մոտ 30 տարի, իսկ իտալացիներն իրենց խառնվածքով շատ նման են մեզ։ Մինչ օրս էլ պետական, ազգային մտածելակերպը նրանց մեջ արմատացած չէ։ Այն ազգերը, որոնք կոնսոլիդացվում են պետության շուրջ, աջակցում են պետական ծրագրերին, և կառավարման գալիս են նորմալ մարդիկ, կարողանում են շուտ հաղթահարել դժվարությունները։ Այն ազգը, որը չունի պետական մտածողություն, օրինապաշտ չէ, այդ պրոբլեմները բավականին դժվար կլուծի, եթե պետությունը չկարողանա ընդառաջ գնալ և չփորձի գոնե ազգային վարքագծի պակասներն օժանդակ միջոցներով լրացնել։
Զրուցեց Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 3455

Մեկնաբանություններ